Իմ հաշվարկներով՝ Ազգային Ժողովի անցողիկ շեմը հաղթահարել է ոչ թե երկու, այլ երեք ընդդիմադիր ուժ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Ընդ որում՝ այս ուժերը հավաքել են այնքան ձայն, որքան պահանջվում է Նիկոլ Փաշինյանին կառավարության շենքից հեռացնելու համար։
Ճշմարտությունը սա է, իսկ թե արդյունքների մասին ինչ կասեն ու կխոսեն Նիկոլից մինչեւ Վահագն Հովակիմյան, իմ, շատ կներեք՝ հորս չագուճին չէ։ Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Հովակիմյանը, ստախոս լինելուց բացի, նաեւ ընտրակեղծարար են։ Այս պարագայում հարցը կարելի է նաեւ այլ կերպ դնել՝ նրանք ընտրակեղծարար ծնվե՞լ են, թե՞ դարձել։ Կարծիքներն այստեղ կիսվում են։ Նրանք, որ Նիկոլի քաղաքական ծնունդը հաշվում են 1996 թվականից, համարում են, որ նա այդպիսին ծնվել է։ Ես ավելի շատ հակված եմ երկրորդ տարբերակին՝ Փաշինյանն ընտրակեղծարարության նուրբ արվեստը սկսել է յուրացնել 2018 թվականից, երբ պատահաբար դարձավ վարչապետ եւ իր առջեւ խնդիր դրեց այլեւս չիջնել այդ աթոռից։
Նրա ստախոսության վրա շատ չեմ կենտրոնանա, քանի որ այս ուղղությամբ նոր հայտնագործություններ անելու, ինչ-որ դժվար թեորեմներ ապացուցելու խնդիր չկա։ Նրա կառավարման 8 տարիներին ՀՀ 3 միլիոն քաղաքացիները 3 միլիոն անգամ վկա են եղել նրա ստախոսության փաստերին։ Ինչ ասել է՝ սուտ է եղել, սկսած այն պահից, որ մեզ նշանակեց վարչապետ՝ վարչապետը դու ես, վարչապետը դու ես… Նրա ամենավերջին ստերից մեկը հունիսի 8-ի գիշերը 2:00-ին հայտարարված 54 տոկոսի թիվն էր։ Պարզվեց, որ ընտրության մասնակիցների կեսից ավելին մերժել է նրան։ Իսկ հունիսի 11-ին, իմ ծննդյան օրը, առանց ամաչելու հայտարարեց, որ Էդիկ Անդրեասյանը ընտրակաշառք է վերցրել եւ ընտրել «Հայաստան» դաշինքին։ Այդպես էլ ասաց՝ ՔՊ-ի քվեները 100 տոկոսով օրգանիկ են, իսկ ընդդիմադիրների քվեները՝ 100 տոկոսով ընտրակաշառքով ստացված։
Ինչպես ցույց է տալիս իրավիճակը, Փաշինյանն իր նոր մասնագիտության մեջ փայլեց 2026-ին՝ ԱԺ ընտրությունների ժամանակ։ Ձայների հաշվարկը չավարտված կեղծեց՝ հայտարարություն արեց, հաջորդ օրը կեղծեց, երրորդ օրը կեղծեց, հունիսի 11-ին դեռ կեղծում էր՝ քաղաքական ուժերի քվեաթերթիկները մի տրցակից մյուսի վրա դնելով։
Ես, իմ հաշվարկներից ելնելով, Նիկոլ Փաշինյանին հայտարարում եմ ընտրակեղծարար՝ գող մարդու իրավունքների բոլոր երանգներով. թվի գող, քվեի գող, իշխանության գող, հայրենիքի գող, իրավապահ կառույցների գող, դատարանների գող, արդարության գող եւ, վերջապես՝ ՀՀ ավելի քան 500 հազար քաղաքացիների բարի համբավի գող։

