Անցած ընտրություններով Նիկոլ Փաշինյանը զրոյացրեց բոլոր այն կարմիր գծերը, որ ինքն էր հաստատել իր համար։ Պարզվեց, որ իր համար գրոշի արժեք չունեն ոչ միայն ընդհանրական՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքները, այլև դրանց առանձին դրսևորումները։ Այն է՝ ազատ և արդար ընտրությունների անցկացումը և ընտրախախտումների բացառումը։ Եվ ինչն ավելի էր կարևորում, որի համար պատրաստ էր կտրել սեփական ձեռքերը, ընտրողի քվեն չգողանալը։ Չնայած պատրաստ էր, բայց չարվեց, քանի որ դա ընդամենը հերթական անգամ «սիրելի» ժողովրդին հիմարացնելու նպատակ էր հետապնդում։ Որպեսզի գար իշխանության ու այն պահպաներ ընտրությունից ընտրություն ինտերվալներով։
Այդ առումով Նիկոլը եզակի երևույթ չէ մարդկային պատմության մեջ՝ որոշ ազգային ու ժամանակային առանձնահատկություններով։ Այդպիսին էր 15-րդ դարի երկրորդ կեսի արդարության մարտիկ Սավոնարոլան Ֆլորենցիայում։ Այդպիսին էին ֆրանսիական հեղափոխության տրիբուն Ռոբեսպիերը, իտալացի Մուսոլինին՝ «դուչեն», Ուլյանով (Լենինը) և բազմաթիվ այլ հռետորներ։ Ովքեր ոգևորել են մարդկանց պայծառ ապագայի տեսլականով, բայց հաստատել են դաժան բռնապետություն։ Ու, սովորաբար, ունեցել են նույնքան դաժան ավարտ՝ իշխանության ու կյանքի։
Մի քանի անգամ Նիկոլը կարող էր խուսափել նրանց ճակատագրին հետևելուց, սակայն իշխանություն ունենալու մոլուցքը ի դերև հանեց Աստծո կողմից նրա համար բացված բոլոր հնարավորությունները։ Ու կյանքի վերջում՝ երբ էլ այն տեղի ունենա, կգիտակցի, որ իր ձեռքերով է ընտրել սեփական ճակատագիրը։
Եվ, բացի դրանից, նրա անունը կհիշատակվի ոչ թե իր նախընտրած՝ հայոց Պապ թագավորի, այլ Արցախի 5 մելիքություններից մեկի՝ Վարանդայի կառավարիչ Մելիք-Շահնազար Բ-ի հարևանությամբ։ Ով 18-րդ դարի կեսերին տապալել է իր եղբոր օրինական իշխանությունը։ Եվ մնացած մելիքներին դիմակայելու համար օգնություն է ստացել Փանահ խանից՝ հատկացնելով նրան Ավետարանոց (Շոշ) բերդը։ Դրանով սկիզբ է դրվել թյուրքախոս տարրի առկայությանն Արցախում, ինչը շուրջ երեք դար անց ավարտվեց Արցախի էթնիկ զտմամբ։ Յուրաքանչյուր հայոց պատմության ուսուցիչ կասեր, որ Մելիք-Շահնազար Բ-ի անունը հիշվում է որպես ավերածու։ Ենթադրում եմ, որ հոգու խորքում Փաշինյանը երազում է, որպեսզի իր վարչապետության հետ միաժամանակ ավարտվի նաև Հայաստանի՝ որպես ինքնուրույն պետության, գոյությունը։ Իզուր չէր 2018-ի ապրիլին ասում, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Բայց կարծում եմ, որ այդ մեկը նրան չի հաջողվի։ Ու նրա անունը, այնուամենայնիվ, կապված կմնա Մելիք-Շահնազար Բ-ի անվան հետ։
Եթե ինչ-որ մեկին թվա, թե ներկայացվածը չափազանց արմատական է, ապա թող հիշի, թե ինչպիսի խոստումներով իշխանության եկավ Նիկոլը և ինչպիսի վերջաբան ունեցավ այդ ամենը։ Եթե «Արցախը Հայաստան է, և վերջ» ասողն ընդամենը 3 տարի անց պետք է հրապարակավ հրաժարվեր Արցախից, ապա ինչո՞ւ չի կարող 3 տարի անց էլ հրաժարվել Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության, գոյությունից։ Յուրաքանչյուր քաղաքական դիտորդ գիտի, որ իշխանության գագաթնակետին հասած մարդը կարող է ցանկալիքներ ունենալ, որոնք հակասում են իր նախկին հայտարարություններին։ Յուրաքանչյուր հասարակական գիտություն էլ ուսուցնում է, որ իշխանությունը փոխում է մարդուն։ Բայց Փաշինյանի դեպքում այն փոխել է ոչ թե մարդը, այլ ինքնին՝ իշխանությունը։
Սակայն որպեսզի խուսափենք ապազգային այդ հեռանկարից՝ ՀՀ վարչապետի պաշտոնին չպետք է մնա Փաշինյան ազգանունով անձնավորությունը։ Դրանով էլ կճշտվի՝ այս օրերին մենք ապրում ենք վերը նշված անձի պաշտոնավարման, թե մեր հայրենի պետության՝ վերջի սկզբի ժամանակներում։ Ես, համենայն դեպս, կողմ եմ առաջին տարբերակին։ Իսկ ես այն մարդն եմ, ով երբեք ոչ մի լումա չի ստացել այս կամ այն քաղաքական ուժին ընտրելու համար։

