Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարանը) որոշում է կայացրել դադարեցնել համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվական գործակալությունները։
Ըստ Միլի մեջլիսի հայտարարության՝ Ադրբեջանը միջազգային խորհրդարանական կառույցների հետ հարաբերություններում առաջնորդվում է խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման սկզբունքներով՝ խրախուսելով բաց և կառուցողական երկխոսություն։
Բաքվի կարծիքով՝ Եվրոպական խորհրդարանի ներկայիս դիրքորոշումը հակասում է այդ սկզբունքներին և խոչընդոտում է համագործակցության զարգացմանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը երկար տարիներ անտեսել է տարածաշրջանում տեղի ունեցած գործընթացները, այդ թվում՝ նախկին հակամարտության հետևանքները։ Ընդգծվում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո Եվրոպական խորհրդարանի «հակաադրբեջանական հռետորաբանությունը» զգալիորեն ուժեղացել է։
Այս որոշումը ընդունվել է այն պահին, երբ երեկ Եվրոպական խորհրդարանը բանաձև էր ընդունել, որով դատապարտում է հայ գերիների պահումը Ադրբեջանում և կոչ անում նրանց անհապաղ ազատ արձակել։

