Երեկ Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ (476 կողմ, դեմ 47 հարաբերակցությամբ) ընդունել է Հայաստանի վերաբերյալ բանաձև։
Փաստաթղթում վերահաստատվում է Եվրոպական Միության աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։
Բանաձևում նաև աջակցություն է հայտարարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող «խաղաղության գործընթացին»՝ կոչ անելով հասնել համապարփակ խաղաղության պայմանագրի, որը կհիմնվի երկու պետությունների ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա։
Եվրախորհրդարանը կտրուկ դատապարտել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորվածների և պատանդների անարդար կալանքը՝ պահանջելով նրանց անհապաղ ազատ արձակել։ Բանաձևում նշվում է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին և կոչ է անում պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր մասնակցել են հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը։
Եվրախորհրդարանը հորդորել է եվրոպական կառույցներին ավելացնել Հայաստանին հատկացվող ֆինանսական և տեխնիկական աջակցությունը՝ հատկապես էներգետիկ, թվային և տնտեսական դիմակայունության ոլորտներում։
Ի պատասխան Եվրախորհրդարանի այս քայլին Ադրբեջանի Միլի Մեջլիսը որոշել է խզել կապերը Եվրախորհրդարանի հետ։

