Ուժեղ Հայաստան քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը մայիսի 1-ին, աշխատավորների օրը, պատասխանեց իր հաջողության գրավականի մասին հինգ հարցի։
Ինչպե՞ս եք հասել հաջողության
Իմ կարծիքով, հաջողության գրավականը շատ ծանր աշխատանքն է։ Առաջին հերթին՝ 24 ժամ աշխատելու արդյունք է, սկզբնական շրջանում՝ գուցե, նույնիսկ ավելի շատ։ Շատ կարևոր է աշխատանքի նկատմամբ խորը հասկացողություն ունենալ։ Իհարկե, դա նաև համառությունն է։
Ձեր ամենավառ հիշողությունը մայիսի 1-ի մասին
Իմ ամենավառ հիշողությունը մայիսի 1-ի հետ կապված դպրոցական տարիներից է։ Մենք դպրոցական երեխաներ էինք, դուրս էինք գալիս գյուղի հրապարակ՝ դրոշակներով։ Լավ սովորող երեխաներին տանում էին Տաշիրի հրապարակ՝ վզկապները կապած։ Դա բոլորի համար երջանկության օր էր։
Ձեր աշխատանքային գործունեության ամենակարևոր պատմությունը
Ամենակարևորը, որ կարողացանք անցնել, 90-ական թվականներն են։ Ես այդ ժամանակ Փաշինյանի շատ սիրած Կալուգայում էի։ Իրոք, ծանր ժամանակներ էին։ Այսինքն, ողջ մնալ-չմնալու տարիներ էին։ Բայց մենք պատվով, անունով անցանք։ Դրանից հետո ամեն ինչը մի քիչ ավելի հեշտ էր։ Բայց դա մեզ մեծ փորձ տվեց։
Ինչպե՞ս դարձավ «Տաշիրը» համաշխարհային բրենդ
Դա շատ հետաքրքիր պատմություն է։ Երբ ես ուսանող էի, մեր շրջանը կոչվում էր Կալինինոյի շրջան։ Երևանում սովորելիս, երբ հարցնում էին՝ որտեղացի՞ ես, ասում էի Կալինինոյի շրջանից։ Շատերը նույնիսկ պատկերացում չունեին այդ շրջանի մասին։ Դրա համար նույնիսկ այն ժամանակ ցանկություն ունեի, որ ամեն ինչ անեմ, որ մարդիկ կոնկրետ իմանան, թե ես որտեղացի եմ։ Հիմա արդեն աշխարհում կոնկրետ գիտեն՝ Տաշիրը որտեղ է, ինչ է նշանակում ու ինչ տեսք ունի։ Տաշիրը շատ գեղեցիկ է, փոքրիկ Շվեյցարիա է։
Ձեր առաջին աշխատանքը
Երբ ուսանող էի, իմ երեք հորեղբայրներն էլ խոպանչի էին։ Տաշիրից ասֆալտի բրիգադներ էին տանում հիմնականում Օդեսա եւ Կիրովոգրադի մարզեր։ Ես ու եղբայրս ուսանող եղած ժամանակ, որպեսզի օգնենք ծնողներիս, ամեն տարի ամառվա երեք ամիսը գնում էինք իրենց մոտ։ Ասֆալտ էինք փռում ձեռքով։ Շատ ծանր աշխատանք էր։ Գումար էինք վաստակում։ Ես ապրում էի Զեյթունի հանրակացարանում։ Գումարի կեսը տալիս էի ծնողներիս, կեսը բերում էի ու կրթաթոշակն էլ գումարած, ամբողջ տարին ապրում էի։

