Երեկ Եվրոպական խորհրդարանը ձայների գերակշռող մեծամասնությամբ ընդունել է Հայաստանի վերաբերյալ բանաձև, որը վերահաստատում է ԵՄ աջակցությունը երկրի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ քայլերին։ Այս որոշումը հանգեցրել է Ադրբեջանի կողմից Եվրախորհրդարանի հետ հարաբերությունների խզմանը։
Փաստաթուղթը, որը ստացել է բոլոր խմբակցությունների աջակցությունը, կարևորում է հունիսին Հայաստանում անցկացվող խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար և խաղաղ անցկացումը՝ ընդգծելով, որ քվեարկության ելքը պետք է որոշի միայն հայ ժողովուրդը։ Բանաձևում նաև նշվում է ապատեղեկատվության, անօրինական ֆինանսավորման և ընտրակաշառքի դեմ պայքարի անհրաժեշտության մասին։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցին՝ Եվրախորհրդարանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և կոչ է անում հասնել համապարփակ խաղաղության պայմանագրի՝ ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա։ Փաստաթուղթը առանձին կետով վերահաստատում է աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին՝ ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև նրանց անվտանգ, անարգել և արժանապատիվ վերադարձի իրավունքին՝ միջազգային երաշխիքների ներքո։
Եվրախորհրդարանի բանաձևը դատապարտում է «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորվածների և պատանդների անարդարացի կալանավորումը» և պահանջում նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակում։ Բացի այդ, փաստաթուղթը կոչ է անում «պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար պատասխանատուներին» և Ղարաբաղ հրավիրել միջազգային գնահատման առաքելություն՝ վերջին շաբաթներին Ադրբեջանի կողմից Ստեփանակերտում հայկական երկու եկեղեցիների քանդման ֆոնին։
Արձագանքելով այս որոշմանը՝ Ադրբեջանի Միլի Մեջլիս այսօր հայտարարել է Եվրախորհրդարանի հետ կապերի խզման մասին։ Բաքուն նախկինում բանաձևը որակել էր «անհիմն և կողմնակալ»՝ պնդելով, որ «ղարաբաղի հայերը կամավոր են լքել տարածաշրջանը»։ Ադրբեջանը նաև կրկնել է, որ Եվրախորհրդարանի կողմից որպես ռազմագերի բնորոշված անձինք «կատարել են լուրջ հանցանքներ, այդ թվում՝ ռազմական հանցագործություններ»։
Եվրոպական խորհրդարանը հորդորել է ավելացնել Հայաստանին հատկացվող ֆինանսական և տեխնիկական աջակցությունը՝ հատկապես էներգետիկ, թվային և տնտեսական դիմակայունության ոլորտներում։

