Իրավիճակը, որը ստեղծվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների ձերբակալությունների շուրջ, ցույց է տալիս, որ իշխանական ռեպրեսիաների մեքենան շարունակում է աշխատել։ Այս մասին 168TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի եթերում հայտարարեց կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։
Նրա խոսքով՝ վերջին գործողությունները կատարվել են այն պատճառով, որ կուսակցությունը ապրիլի 19-ին Արտաշատ քաղաքում նախատեսում էր անցկացնել մեծ միջոցառում-հանրահավաք։ «Մենք բնականաբար, դրա մասին հայտ էինք ներկայացրել, և այսօր առավոտյան արդեն իրենց մեքենան սկսել է աշխատել։ Մենք պատրաստ ենք իրենց կողմից այդ քայլերին, կանգ չենք առնելու և գնալու ենք մինչև վերջ», — նշեց նա։
Անդրադառնալով իր ձերբակալության դրվագին՝ Գոհար Ղումաշյանը նշեց, որ քննիչները չեն կարողացել գեթ մեկ փաստարկ բերել, որն իրականությանը համապատասխանում էր։ «Ի վերջո, ինձ ազատ արձակեցին վարչական հսկողության պայմանով», — ասաց նա։
Նա մանրամասնեց նաև հանրայնացված ձայնագրությունների վերաբերյալ իր տեսակետը։ «Այդ հեռախոսազանգն ընտրական գործընթացի հետ որևէ կապ չունի։ Ինձ զանգահարել էր ինձ շատ մտերիմ մարդ, հարազատ, որի հետ ես 10 տարուց ավելի բարեկամական հարաբերություններ ունեմ։ Իհարկե, այդ խոսակցությունը կտրտված է ներկայացվել, ոչ ամբողջական, մոնտաժված», — պարզաբանեց նա։
Այսպիսով, նա բացատրեց, որ երկրորդ զանգը կապված էր Հայ գործարարների ասոցիացիայի հետ, որի գործադիր տնօրենն ինքն է 2020 թվականից։ Նա նշեց, որ ասոցիացիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը միտված է աջակցել հայ գործարարներին։ Ըստ նրա՝ զանգը կատարվել էր հենց գործարարի կողմից, որին նա չէր ճանաչում, և նա պարզապես ներկայացրել էր իր արտադրական հնարավորությունները՝ խորհուրդ ստանալու նպատակով։ Ղումաշյանը ուղղորդել էր զանգահարին իր աշխատակցին, որը մանրամասն կներկայացներ ասոցիացիայի իրավասությունները։
Նա վստահեցրեց, որ նմանատիպ դրվագներով իրենց պայքարը հնարավոր չէ կանգնեցնել։ Ղումաշյանը բարձր գնահատեց իրենց քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանին՝ նշելով, որ նա կարող է ապահովել համահայկական միասնություն։ «Սամվել Կարապետյանն իշխանության գալուց հետո, միանշանակ, հայերին չի բաժանելու սևերի և սպիտակների, վենդետաներ չեն լինելու, չեն լինելու հաշվեհարդարներ», — նշեց նա։
Նրա խոսքով՝ նրանք աշխատելու են պրոֆեսիոնալների հետ, ովքեր աշխատում են իրենց սկզբունքներին և երդումներին համաձայն։ Ղումաշյանը նաև հայտարարեց, որ իրենց նպատակն է ապահովել այնպիսի Հայաստան, որտեղ հայ մայրերը ստիպված չլինեն իրենց տղաներին երկրից փախցնել, իսկ երիտասարդները՝ իրենց ապագան կապել արտերկրի հետ։ Նա վերջում նշեց, որ ցանկանում է տեսնել Հայաստանը որպես ուժեղ, ազդեցիկ և արժանապատիվ երկիր։

