նորություններ

ԵՄ պաշտոնյաներին ուղղված բաց նամակը ստորագրել են 26 հասարակական կազմակերպություն

Հայաստանի շուրջ երեք տասնյակ իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ կոչ անելով աջակցել Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների անհապաղ ազատ արձակմանը։

Նամակում ընդգծվում է, որ չնայած միջազգային տարբեր կառույցների, այդ թվում՝ 2025 թվականի մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում արտացոլված պահանջին, Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով պահել 19 հայ գերիների և պատճառել տառապանքներ նրանց ընտանիքներին։

«Մենք գնահատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ուղղված Եվրամիության ջանքերը և ակնկալում ենք Ձեր ակտիվ աջակցությունը հայ գերիների անհապաղ վերադարձը հնարավոր դարձնելու հարցում։ Զինված հակամարտության համատեքստում ազատազրկված բոլոր հայերի ազատ արձակումն ու հայրենադարձումն առաջնային նշանակություն ունի խաղաղության գործընթացի համար, և վստահության կառուցման կարևորագույն միջոց է։ Նման աջակցությունը դառնում է ավելի հրատապ՝ հաշվի առնելով Ադրբեջանի պաշտոնյաների խորապես անհանգստացնող հայտարարությունները, որոնք ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին վերադարձնելու մտադրություն նրանք չունեն»,–նշված է բաց նամակում։

Հեղինակները նաև նշում են, որ արդար դատաքննության սկզբունքների լիակատար խախտման պայմաններում կայացվել են դատավճիռներ, որոնք մինչ օրս անգամ չեն տրամադրվել կալանավորվածներին և նրանց անկախ փաստաբաններին, ինչը փաստացի խոչընդոտում է նրանց իրավունքը՝ դիմելու միջազգային ատյաններին։

«Ուստի դիմում ենք Ձեզ և եվրոպական բոլոր երկրների առաջնորդներին՝ քայլեր ձեռնարկել, որպեսզի ազատազրկված հայ գերիները հնարավորինս շուտ ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ։ Մենք խորապես հավատում ենք, որ Եվրոպական միությունը կարող է իրականում աջակցել այս հրատապ մարդասիրական խնդրի լուծմանը և վերջ դնել բազմաթիվ հայ ընտանիքների տառապանքներին»,–նշված է նամակում։

Հիշեցնենք, որ Բաքվում պահվում է 19 հայ գերի։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավճիռները հրապարակվել են այս տարվա փետրվարի 5-ին։ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են տարբեր ժամկետների ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։ Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձնացված վարույթով, և նրան դատապարտել են 20 տարվա ազատազրկման։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու