«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտարարել է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Ըստ Նարեկ Կարապետյանի՝ բազմաթիվ ընտրատեղամասերում վերահաշվարկներից հետո արձանագրվել է իշխող ուժի օգտին գրանցված ձայների նվազում։ Նա նաև պնդում է, որ ընտրական գործընթացի ընթացքում զինծառայողների և պետական կառույցների աշխատակիցների նկատմամբ իրականացվել են ուղղորդումներ՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեարկելու նպատակով։
Նրա խոսքով՝ այս հանգամանքները հիմք են հանդիսանում ընտրությունների արդյունքները վերանայելու պահանջ ներկայացնելու համար։ Եթե ԿԸՀ-ից օպերատիվ արձագանք չստանան, հարցով կդիմեն Սահմանադրական դատարան։

