Միջազգային դիտորդներին երբեք չեմ վստահել։ Դրանք աշխարհաքաղաքական խաղի մաս են, որտեղ յուրաքանչյուր դիտորդի առաքելությունը, ըստ իմ կարծիքի, ծառայում է թեկնածուին աջակցելու համար։ Այս գծերը հատկապես ակնհայտ են դառնում փոքր պետությունների դեպքում, որտեղ դժվար է թաքցնել այդ աջակցության ֆինանսական և քաղաքական բնույթը։ Մեր դեպքում միջազգային դիտորդ ուղարկող պետություններն անգամ բացահայտորեն խոստովանում էին իրենց աջակցությունը Նիկոլ Փաշինյանին՝ նրա վերահաստատմանը ֆինանսապես օգնելով։ Ընտրություններից հետո ականատես ենք լինում տարբեր պետությունների ղեկավարների հայտարարություններին, որոնք շնորհավորանքի փոխարեն հաճախ հիշեցնում են քաղաքական պարտավորությունների մասին՝ պահանջելով «համապատասխան քայլեր»։ Ուստի, ով առաջինը շնորհավորեց, ով վերջինը, կամ ո՞վ ինչ բառեր օգտագործեց, այս հարցերը պարզապես զուգահեռ են։
Իսկական միջազգային դիտորդը ժողովուրդն է։ Բավական է մի քանի րոպե քայլել փողոցում և հարցնել՝ գո՞հ ես այս ընտրությունից։ Եթե նույնիսկ չհարցնեք, բավական է նայել մարդկանց դեմքերին՝ հասկանալու համար, որ հասարակությունը խորապես կոտրված է, հիասթափված և անվստահ։ Այս վիճակը հուսահատություն է ստեղծում, քանի որ մարդիկ զգում են, թեև մասնակցել են գործընթացին, բայց իրենց կամքը հաշվի չի առնվել։
Ամենացավոտ իրավիճակում, սակայն, հենց Նիկոլ Փաշինյանն է։ Նա պետք է պատասխան տա բոլոր այն արտաքին աջակցությունների դիմաց, որ ստացել է։ Նա այլևս չունի այն քաղաքական կապիտալը և վստահության պաշարը, որով նախկինում կարողանում էր առանց լուրջ դիմադրության իրականացնել ամենացավոտ որոշումները, լինի դա Գորիս-Կապան ճանապարհի հարցը, թե Արցախին առնչվող զիջումները։ Նրա իշխանությունը ձևականորեն կարող է պահպանվել, բայց քաղաքական առումով այն արդեն խիստ խոցելի է։ Ժողովրդի վստահությունը կորցրած իշխանությունը չի կարող երկար ժամանակ հենվել միայն արտաքին աջակցությունների վրա։
Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ Փաշինյանը հայտնվել է երկու ճնշումների արանքում՝ մի կողմից սեփական ժողովրդի անվստահությունը, մյուս կողմից՝ արտաքին գործընկերների ակնկալիքները։ Եվ որքան խորանա այդ հակասությունը, այնքան ավելի ակնհայտ կդառնա, որ խնդիրը ոչ թե ընտրությունների արդյունքն է, այլ իշխանության լեգիտիմության ճգնաժամը։ Իսկ լեգիտիմության ճգնաժամ ունեցող իշխանությունները սովորաբար չեն պարտվում ընտրությունների օրը. նրանք պարտվում են այն պահին, երբ կորցնում են հասարակության վստահությունը։ Եթե հասարակության մեջ կան կասկածներ, հիասթափություն և անվստահություն, ապա դրանք հնարավոր չէ չեղարկել որևէ արտաքին հայտարարությամբ։ Վերջնական գնահատականը միշտ տալիս է ժողովուրդը՝ իր վերաբերմունքով, իր հիշողությամբ և իր համբերության չափով։ Իսկ համբերության բաժակը վաղուց է լցվել։ Եվ դա ցույց տվեց այս ընտրությամբ։

