Երեկ Ադրբեջանի կառավարական պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, ժամանել է Երևան։ Սա ոչ թե պարզապես մեկ այլ հանդիպում է, այլ Հայաստանի հերթական, բայց նոր մակարդակի նվաստացում, որն անհամաչափորեն նվազեցնում է այս այցի նպատակը, հանդիպումների ձևաչափը և սպասվող արդյունքները։
Այս իրադարձությունը ցնցող է, քանի որ այն տեղի է ունենում պետության բարձրաստիճան պաշտոնյայի գլխավորած պատվիրակության կողմից, որին ոչ միայն որևէ հանդիմանանք չի ներկայացվել, այլ, ամենայն հավանականությամբ, դիմավորել են ամենաբարձր մակարդակով։ Խնդիրը ոչ թե պաշտոնյաների այցերն են, որոնք պատերազմած երկրների պարագայում կարող են և պետք է տեղի ունենան, այլ այն, որ Ադրբեջանի հետ պատերազմը ոչ միայն դեռևս չի ավարտվել, այլ շարունակում է իրեն դրսևորել ամենատարբեր ձևերով։
Այս պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակում է իր միակողմանի ագրեսիվ քաղաքականությունը՝ ամեն մի պատերազմական ակտի դիմաց Հայաստանից հորթային ուրախության պայմաններում, ՔՊ-ական իշխանությունը, որ հատկապես վերջերս մասնագիտացել է «հիբրիդային պատերազմի» թեմայով, շարունակում է ծպտուն չհանել Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային և պատմական ժառանգության վանդալիզմի վերաբերյալ։
Ավելին, ՔՊ-ականների առաջնորդը վերջերս պաշտոնապես հավաստիացրեց, որ շարունակելու է ծպտուն չհանել, իսկ մեկ այլ, ոչ այնքան գլխավոր, բայց ադրբեջանամետության գծով զգլխիչ ՔՊ-ական անուղղակիորեն հայտարարեց, թե Ադրբեջանի արածն իր ներքին գործն է։
Այս ամենի հետ մեկտեղ, Ադրբեջանը անդադար զբաղվում է պատմական ու մշակութային ժառանգության վանդալիզմով, որը վանդալիզմի միակ ուղղությունը չէ։ Ամեն օր, առանց բացառության, Բաքվի բանտերում վանդալիզմի են ենթարկվում մոտ երկու տասնյակ հայկական ազգանուններ կրող մեր հայրենակիցներ, որոնց մասին ՔՊ-ական իշխանությունը մոռացել է։ Դեռևս չի հայտարարվել, բայց շուտով կհայտարարվի, որ նրանց դատելն ու ցմահ ազատազրկման դատապարտելը ևս Ադրբեջանի ներքին գործն է։
Ահա այս պայմաններում Հայաստան է ժամանում Ադրբեջանի բարձրաստիճան պատվիրակությունը, որը ոչ այլ ինչ է, քան նվաճող երկրի իշխանների այց սեփական վասալներին։
Հայ ժողովուրդն իր արժանապատվությունը հողին է հավասարեցրել արցախյան պատերազմի հազարավոր զոհերի մարմինների հետ։ Գործող իշխանությունը, այո, հայկական անարժանապատվության քայլող, ավելի ճիշտ՝ ավտոշարասյուներով շրջող մոնումենտ է։ Բայց անարժանապատվության ոչ պակաս հավաքականություն է նույն այդ ժողովուրդը, որը հանդուրժում է մի կողմից՝ սեփական որդիների ու նրանց հետ՝ սեփական արժանապատվության հուղարկավորության մեղավորներին, մյուս կողմից՝ բոլոր նրանց, ովքեր առաջինների դեմ իբր պայքարելով, ավելի խորն են հողի մեջ մխրճում արժանապատվության վերջին փշրանքները։

