Աշխատանքային օրը սկսելով՝ ես անդրադառնում եմ «Հերիթեյջ» հիմնադրամի (The Heritage Foundation) 2026 թվականի «Տնտեսական ազատության ինդեքս» զեկույցին։ Սա մի հեղինակավոր միջազգային կառույցի կողմից կազմված զեկույց է, որը տրամադրում է երկրի տնտեսական զարգացման վիճակի վերաբերյալ հստակ պատկերացում։
Իհարկե, նման զեկույցները պետք է ընկալվեն որպես քննադատական վերլուծություն, որը թույլ է տալիս հասկանալ թերությունները և գտնել դրանք ուղղելու ուղղություններ։ Սակայն, ինչպես երևում է, իշխանությունների կողմից այսպիսի զեկույցների ընկալումը և ներկայացումը հանրությանը հաճախ ենթակա է քաղաքական մանիպուլյացիաների։
Հիմնական փաստը, որը նախարարը, բնականաբար, չի նշել, այն է, որ Հայաստանը 5 տարի շարունակ դասվում է «չափավոր ազատ» երկրների շարքին։ Սա նշանակում է, որ իշխանությունները չեն կարողացել ապահովել որևէ որակական առաջընթաց։ Զեկույցի համաձայն՝ 2026թ. արձանագրված 1.7 միավոր աճը ոչ թե նոր ձեռքբերում է, այլ վերադարձ՝ ավելի քան տասնամյակ առաջ՝ 2015 թվականին գրանցված ցուցանիշին։ Այսպիսով, տարիներ շարունակ իրականացված քաղաքականությունը սպառել է նախկինում կուտակված պոտենցիալը։
Իրականում, 2017 թվականին Հայաստանը նույնիսկ կարողացել էր անցում կատարել ավելի բարձր՝ «հիմնականում ազատ» երկրների խումբ։ Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունների կողմից թմբկահարված «ռեֆորմները» ոչ թե առաջ են մղել, այլ հետ են գցել երկիրը՝ զրոյացնելով նախկինում գրանցված առաջընթացը։
Ներկա իշխանությունները, հավանաբար, կփորձեն հենվել որոշ ենթաինդեքսների աճի վրա՝ «առևտրի», «դրամավարկային» կամ «ֆինանսական ազատության»։ Բայց նույնիսկ այստեղ պատկերը խիստ մտահոգիչ է։ Օրինակ՝ «առևտրի ազատության» ներկայիս ցուցանիշը գերազանցում է միայն նախորդող հինգ տարիների ցուցանիշներին, իսկ մինչ այդ նման ցածր արդյունք վերջին անգամ գրանցվել է հեռավոր 1999 թվականին։
Այնուամենայնիվ, ամենախնդրահարույց պատկերը ձևավորվել է «օրենքի գերակայություն» խմբում։ Հայաստանը երկու հիմնարար ուղղություններով՝ «սեփականության իրավունքի պաշտպանություն» և «արդարադատության արդյունավետություն», դասվում է «տնտեսապես ճնշված» երկրների շարքին՝ զգալիորեն զիջելով համաշխարհային միջին ցուցանիշներին։ Սա նշանակում է, որ երկրում չեն ապահովվում տնտեսության բնականոն զարգացման համար անհրաժեշտ հիմնարար պայմանները։
Այս գնահատականը հնչում է ոչ թե ներքաղաքական քննադատության շրջանակում, այլ՝ միջազգային հեղինակավոր կառույցի վերլուծության մեջ։ Այն հստակ ազդակ է այն մասին, որ տնտեսական միջավայրը կորցրել է իր գրավչությունը՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին դերակատարների համար։
Այս համատեքստում հնարավոր չէ չհիշատակել պետության կողմից ՀԷՑ-ի բռնազավթումը, «ԱՆԻՖ» հիմնադրամի անփառունակ գործունեությունը, որի արդյունքում միլիոնավոր դոլարներ են փոշիացվել։ Սրանք ներդրողների համար դեպքերի հնարավոր զարգացումների ցցուն օրինակներ են, որոնք միանշանակ չեն վրիպել զեկույցի հեղինակների ուշադրությունից։ Պետության կողմից խոշոր տնտեսական օբյեկտների նկատմամբ ուժային ու ոչ թափանցիկ միջամտությունները ձևավորում են անորոշության մթնոլորտ, որտեղ սեփականությունը դառնում է քաղաքական քմահաճույքին ենթակա։

