Հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանի դաշնային բյուջեի դեֆիցիտը կազմել է 5,7 տրիլիոն ռուբլի։ Այս ցուցանիշը 2,94 տրիլիոն ռուբլով է գերազանցում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը։ Ֆինանսների նախարարությունը դեֆիցիտի աճի հիմնական պատճառը բացատրում է որպես «ծախսերի առաջընթաց ֆինանսավորում»։
Այսպիսով, Ռուսաստանի բյուջեի պակասորդը կազմում է ՌԴ տարեկան ՀՆԱ-ի 2,5 տոկոսը, ինչը նախորդ տարի եղել էր 1,4 տոկոս։
Այս տվյալները հրապարակվել են այն պայմաններում, երբ ՌԴ ֆինանսների նախարար Սիլուանովը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ նավթի գների բարձրացումը բյուջեի հավելյա եկամուտ կստեղծի՝ մոտ 200 միլիարդ դոլարի չափով։ Սակայն նա միաժամանակ նշել էր, որ այլ աղբյուրներից եկամուտները գրեթե նույնքան կնվազեն։ Դրանից բխում է, որ նավթի բարձր գները պարզապես կփակեն այլ ոլորտներից կրճատումները՝ չհանգեցնելով բյուջեի ընդհանուր եկամուտների աճի։
Ըստ լրատվականների տվյալների, Ուկրաինայի դեմ պատերազմի մեկ ժամ Ռուսաստանի պետական բյուջեի համար «արժենում է» մոտ 22 միլիոն դոլար։ Ընդհանուր առմամբ, բյուջեի 38 տոկոսը, որը կազմում է 191 միլիարդ դոլար, հատկացված է ռազմական ծախսերին։ Ֆինանսների նախարարության պարզաբանումը, որ դեֆիցիտի պատճառը «ծախսերի առաջընթաց ֆինանսավորումն» է, իսկապես նշանակում է, որ կառավարությունը իր առաջնահերթությունը տալիս է ռազմական ծախսերին՝ դրանք ֆինանսավորելու համար դիմելով բյուջեի պակասորդի։
Այս իրավիճակը տեղի է ունենում այն պահին, երբ Սեպտեմբերին Ռուսաստանում պետք է անցկացվեն պետական դումայի ընտրություններ։ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը պետդումայի ամբիոնից հայտարարել է, որ եթե կառավարությունը սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավել չի հաջողի, ապա աշնանը երկրում կարող է տեղի ունենալ «այն, ինչ եղել է 1917 թվականին»՝ ակնարկելով 1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությանը։
Այս հայտարարությունը, որը հիշեցնում է 1917 թվականի հեղափոխության հիմնական կարգախոսը՝ «իմպերիալիստական պատերազմը քաղաքացիականի վերածել», ցույց է տալիս, որ Ռուսաստանի տնտեսական և սոցիալական լարվածությունը հասել է այն մակարդակի, երբ նույնիսկ կոմունիստական կուսակցությունները սկսում են խոսել հեղափոխական սցենարի մասին։

