Որպես լրագրող, ես մի քանի ուխտավորների հետ իրականացրել եմ բացառիկ ուխտագնացություն՝ Մեսրոպ Մաշտոցի հանգչավայր Օշականից դեպի ուսուցչապետի ծննդավայր Հացեկաց։ Այս ուխտագնացությունը վերաճել է «Ուխտն ի Մաշտոց» փաստավավերագրական ֆիլմի, որի ռեժիսորը Մշո գերդաստանի շառավիղ Արտակ Ավդալյանն է, երաժշտության հեղինակը՝ Վահան Արծրունին։
Ֆիլմի պրեմիերան նախ կայացել է Օշական գյուղի մշակույթի տանը, իսկ ապրիլի 26-ին ցուցադրվել է նաեւ «Նաիրի» կինոթատրոնում։
Արփի Սուքիասյանի, որի ընտանիքը ձեռք է բերել Օշականի ամենահին տունը, խոսքով՝ այս նախագիծը սկիզբ առավ, երբ նա եւ իր լավ բարեկամ Վարդուհի Գրիգորյանը որոշեցին թափ տալ Օշականի պատմության մոռացության փոշին՝ պարզելով, թե օշականցիներն ինչքանով են առնչություն ունեն Թարգմանչաց տոնի խորհրդի հետ։
«Մինչեւ Հայոց ցեղասպանությունը, երբ Հացեկացը դեռեւս հայաբնակ էր, այնտեղից Թարգմանչաց ուխտի օրը միշտ 36 լավաշ են ուղարկել Օշական՝ իբրեւ Հայոց այբուբենի 36 տառերի խորհրդանիշ»,-ասաց Արփին։ Նա նշեց, որ իրենք եւս որոշել են ամեն Թարգմանչաց ուխտի օրը 36 լավաշ թխել եւ բաժանել։ Այդ լավաշները թխվելու են Հացեկացից բերված ցորենից, որը նրանք ցանելու են, ալյուր ենք ստանալու, եւ անպայման Թարգմանչաց ուխտի օրը բաժանելու են Մաշտոցի եկեղեցում։
Արփին եւ մյուս ուխտավորները իրենց հետ Հացեկացից բերել են մի պարկ ցորեն, հող եւ ջուր՝ իրականացնելով խորհրդանշական ծես։ Նա նաեւ նշեց, որ մեծ դժվարությամբ է իրականացվել ուխտագնացությունը, բայց ուժ է տվել Մաշտոցյան լույսի ջահակիրը դառնալու տեսլականը։
Արփին պատմեց, որ առաջին անգամ Հացեկացի կադրերը տեսել է Արտակ Ավդալյանի «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» ֆիլմում, որտեղ համաշխարհային գրաբանության համատեքստում ներկայացվում է Հայաստանում գրի ծագման ու զարգացման պատմությունը։
«Ես երեւի միլիոն անգամ այդ կադրերը նայել եմ, քարտեզի վրա գտել Հացեկացը, որ հիմա այլ անուն ունի։ Ես զանգեցի պարոն Ավդալյանին, որպեսզի հարցնեմ Հացեկաց գնալու ճանապարհը ո՞րն է, ասաց՝ ի՞նչ եք ասում, 2 աղջիկ գնաք-հասնեք Հացեկա՞ց, չկա նման բան, դա շատ վտանգավոր է։ Հանդիպում խնդրեցինք իր հետ… Պարոն Ավդալյանն ասաց՝ բացառիկ բան եք անում, օշականցիներով գնում եք Հացեկաց, արի այդ ուխտագնացությունը վերածենք վավերագրական ֆիլմի։ Հաղթահարեցինք ֆինանսական դժվարությունները, գտանք, թե ինչ ճանապարհով պետք է հասնենք Հացեկաց, ընկանք ոստիկանների ձեռքը, որոնք վերջում գյուղապետ Բարիշի հետ մեզ թեյ հյուրասիրեցին»,-մանրամասնեց Արփին։
Ֆիլմում պատմվում է նաեւ Մաշտոցի տեսիլքի մասին, որտեղ վարդապետը հոգու աչքերով տեսել է, որ Աստծո աջը Հայոց այբուբենի տառերը գրում է քարին։
Ֆիլմի ցուցադրությունից հետո հանդիսատեսը հոտընկայս արտասանեց այբուբենը, եւ բոլորի աչքերը թրջված էին արցունքներից։
Նախագիծը կյանքի է կոչվել Բունիկ/Bounik մշակութային հարթակի կողմից, որը տարիներ շարունակ զբաղվում է Օշականի պատմամշակութային ժառանգության պահպանմամբ։ Ֆիլմի ստեղծման եւ ուխտագնացության գործընթացում ներգրավված են եղել նաեւ Նորայր Գրիգորյանը, Գեւորգ Խաչատրյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմինե Հովհաննիսյանը եւ Բորիս Վարդանյանը։

