Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները, որոնք շատերի հիշողության մեջ մնացին կեսգիշերից անց, երբ Նիկոլ Փաշինյանը հայտնվեց էկրաններին՝ իր կուսակցությանը հաղթող հռչակելով, ավելի ու ավելի անվստահելի են դառնում ԿԸՀ հրապարակած արդյունքների առումով, իսկ դրանց փոխարեն խորանում են մասշտաբային թվանկարչության կասկածները։
Եթե գոյություն ունեն բացահայտված 800-900 հասցե, որոնցից յուրաքանչյուրում ընտրական իրավունք ունեցող 20-ից մինչեւ 300 քաղաքացի է հաշվառված, դա արդեն նշանակում է մի քանի տասնյակ հազար ձայնի կեղծման պոտենցիալ՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։ Կան նաեւ տասնյակ, գուցե հարյուրի կարգի դեպքեր, երբ ՔՊ-ի ստացած երկնիշ թվով քվեների փոխարեն ԿԸՀ կայքի աղյուսակում մուտքագրվել են եռանիշ թվեր՝ 500, 700, ինչը նույնպես ենթադրում է մի քանի տասնյակ հազար ձայնի կեղծում։
Այս պահին բոլորը սպասում են վերահաշվարկների ավարտին եւ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը։ Իսկ ընտրությունների արդյունքների հետ մեկտեղ, ոչ պակաս հետաքրքիր է միջազգային արձագանքի գրեթե բացակայությունը։ Հունիսի 7-ի ընտրությունների առնչությամբ ոչ մի երկրից կամ առաջնորդից պատշաճ շնորհավորական ուղերձ չստացվեց։ Կային միայն երկու տասնյակի կարգի թվիթներ, որոնցից կեսը նախկին խորհրդային երկրներից էին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ X հարթակում կատարած գրառումը փորձ էր՝ մատուցելու որպես ԱՄՆ շնորհավորանք, ինչը քմծիծաղի արժանի ձեռնածություն է։ ՀՀ համարյա բոլոր համապետական ընտրությունների առթիվ ԱՄՆ-ից պետքարտուղարության պաշտոնական արձագանք է եղել, նույնիսկ 2000-ականներին՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին։ Իհարկե, Քոչարյանի օրոք էլ, Սերժ Սարգսյանի օրոք էլ ընտրություններն այնպես էին կեղծվում, որ դժվար է մտաբերել դեպք, երբ Պետդեպի ուղերձներում որեւէ քաղաքական ուժի շնորհավորանք ուղղվեր։ Եթե «շնորհավորել» բառը լինում էր, ապա միայն հայ ժողովրդին ուղղված՝ ընտրական իրավունքն իրացնելու կապակցությամբ, որից հետո գնահատական էր տրվում ընտրություններին։ Սակայն Պետդեպի պաշտոնական անդրադարձ, ուղերձ միշտ լինում էր։
Այժմ, ենթադրելի է, որպես Փաշինյանի նկատմամբ չթաքցվող վերաբերմունք, Պետդեպի կայքում ՀՀ ընտրություններին առհասարակ անդրադարձ չկա։ Երեք օր անց միայն Ռուբիոյի անձնական գրառումն է X հարթակում։ Սպիտակ տնից երկար սոցցանցային գրառում էլ չկա։ Դա ավելի քան օրինաչափ է, քանի որ այն բանից հետո, երբ Փաշինյանը մայիսի 28-ին Դոնալդ Թրամփի թվիթը Social Truth օգտահաշվից տարածելուց ժամեր առաջ Երեւանում արդեն տարածել էր, անխուսափելիորեն նրա նկատմամբ պետք է վերաբերմունք դրսեւորվեր՝ ցույց տալով, որ ինքն այն նշանակությունը չունի Սպիտակ տան համար, ինչ ուզում են ներկայացնել։
Մոսկվայում եւ Պեկինում դեռ լռություն է, ինչը կարելի է մեկնաբանել, որ կա՛մ այդ մայրաքաղաքների համար Փաշինյանն իր ՔՊ-ով արժեք եւ նշանակություն չունի, կա՛մ էլ ի տես լայնամասշտաբ կեղծարարության եւ խախտումների, որ փաստագրված են եւ անընդհատ հրապարակային դաշտ են նետվում, Մոսկվայում եւ Պեկինում էլ, ինչպես բազմաթիվ այլ մայրաքաղաքներում, դեռ սպասում են՝ տեսնելու, թե այս ամենն ինչով կավարտվի։
Հունիսի 7-ի ընտրությունների արտերկրյա արձագանքներից ամենահակասականն ու հետաքրքիրը, սակայն, Եվրոպայից արձագանքներն էին։ Հունիսի 8-ի առավոտյան, ցերեկվա ժամերին, ԵՄ մոտ 10 երկրից՝ Ֆրանսիա, Լեհաստան, Շվեդիա, Իսպանիա, Ավստրիա, Դանիա, Գերմանիա, Հունաստան, Նիդերլանդներ, Խորվաթիա, Կիպրոս, մեկ-երկու տողանոց թվիթներ գրեցին՝ ընտրությունների առթիվ Փաշինյանին շնորհավորող։ Բայց նույն՝ հունիսի 8-ի երեկոյան Բրյուսելից, ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի անունից տարածվեց ԵՄ պաշտոնական հայտարարությունը՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որն արդեն ծանրակշիռ էր, իրազեկ եւ լուրջ։ Դրանում չկար ոչ մի շնորհավորանք Փաշինյանին կամ ՔՊ-ին, միայն ի գիտություն էին ընդունել ԿԸՀ նախնական արդյունքները։ Բրյուսելի այդ պաշտոնական հայտարարությունը, ըստ էության, չեզոքացրեց օրվա ընթացքում եղած թվիթային արձագանքները, եւ, ինչն առանձնակի խոսուն է, Բրյուսելի պաշտոնական հայտարարությունից հետո ՀՀ ընտրությունների առնչությամբ որեւէ այլ գրառում եվրոպական որեւէ մայրաքաղաք

