Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար ոչ միայն սգո, այլև հիշողության, արժանապատվության և ապագայի հանդեպ պատասխանատվության օր է։ Այս տարվա հիշատակությանը նվիրված միջոցառումներն իրենց ամենաբարձր կետին հասան Մոսկվայում, որտեղ Ռուսաստանի հայերի միությունը՝ նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, արդեն 25 տարի շարունակ կազմակերպում է «Ցեղասպանություն․ հիշողություն և կանխարգելում» խորագրով համաժողովներ։
Միջոցառումը, որը տեղի էր ունեցել «Պրեզիդենտ-Հոթել»-ի մեծ կինոդահլիճում, հավաքեց բազմաթիվ հյուրեր, որոնց թվում էին ՌԴ-ում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ, Ռուսաստանի գիտության, մշակույթի և հասարակական կյանքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ռուսաստանի դիվանագետների ասոցիացիայի նախագահ Պավել Ակոպովը, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, պատմաբան Ալեքսեյ Մուրավյովը, պետական և հասարակական գործիչ Նատալյա Նարոչնիցկայան, Ռազմական վերլուծաբան Դայալ Բիշամբերը և այլք։
Միջոցառման բացումը նշանավորվեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ուղերձների ընթերցմամբ, որին հաջորդեց համատեղ աղոթք՝ որպես հիշողության, միասնության և հոգևոր համախմբման խորհրդանիշ։
Համաժողովի ընթացքում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ներկայացրեց հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերները։ Նրա խոսքում հակիրճ անդրադարձվեց 2018 թվականից ի վեր Հայաստանում իրականացվող քաղաքականության հետևանքով առաջացած խնդիրներին՝ ռուս-հայ հարաբերությունների վատթարացումը, հասարակական պառակտումների խորացումը, հոգևորականության նկատմամբ հալածանքները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արժեզրկման փորձերը, Ցեղասպանության հիշատակը մոռացության մատնելու միտումները, Արցախի հանձնումը, գերիների ազատ արձակման հարցում անգործությունը և այլ հարցեր։
Միջոցառումը, սակայն, չէր սահմանափակվում միայն պաշտոնական ելույթներով։ Այն վերածվեց հիշողության և զգացմունքի խորքային վերապրման։ Դուդուկի հուզիչ հնչյունների ուղեկցությամբ ցուցադրվեցին «Դատը գնում է» ներկայացումից տեսարաններ, որոնք հիշեցրին պատմական արդարության համար մղված պայքարը։ Նույն օրը Մոսկվայի հայկական թատրոնում ցուցադրվեց նույնանուն ֆիլմ-ներկայացումը՝ նվիրված Սողոմոն Թեհլիրյանի դատավարությանը։
Համաժողովի եզրափակումը դարձավ «Ապրիլ Խաղաղ» համույթի երիտասարդ կատարողների «Երանի» երգը, որը խորհրդանշականորեն ամփոփեց օրվա հուզական և պատմական բովանդակությունը։ Այս միջոցառումը հստակ ցույց տվեց, որ հիշողությունը միայն անցյալի մասին չէ, այլև պատասխանատվություն է՝ ներկայի և ապագայի հանդեպ։ Ապրիլի 24-ը շարունակում է միավորել հայությանը աշխարհի տարբեր ծայրերում՝ դարձնելով այն ոչ միայն սգի, այլ նաև արժանապատվության, ինքնության և արդարության պահանջի օր։

