ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնության է եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Իրանի դեմ հնարավոր գործողությունների համար Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի կողմից հայկական օդանավակայանները օգտագործելու թույլտվության հարցում։ Այս մասին նա գրել է Truth սոցիալական հարթակում՝ նշելով, որ բազաները կօգտագործվեն «եթե Իրանը հրաժարվի պահպանել խաղաղության համաձայնագիրը, երբ այն ձեռք բերվի»։

Ռազմական վերլուծաբաններն առանձնացնում են Հայաստանում երկու հիմնական օդանավակայան, որոնք կարող են ռազմավարական նշանակություն ունենալ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված գործողությունների համար։
Առաջինը՝ Սյունիքի օդանավակայանն է (UDCK), որը գտնվում է Հայաստանի հարավում՝ Կապան քաղաքի մոտ։ Այն առանձնանում է իր ռազմավարական նշանակությամբ, քանի որ գտնվում է Իրանի սահմանից ընդամենը մոտ 50 կմ հեռավորության վրա։ 2023 թվականին ներքին թռիչքների համար վերաբացված այս օդանավակայանը որոշակի արդիականացումից հետո կարող է ընդունել փոքր ռազմատրանսպորտային ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և, հնարավոր է, նաև կործանիչներ։ Իրանին մոտ գտնվելու հանգամանքն այն դարձնում է հարմար առաջապահ հենակետ՝ հետախուզական թռիչքների, վառելիքի լիցքավորման և արագ հարվածների համար։
Երկրորդը՝ Արզնիի օդանավակայանն է, որը գտնվում է Նոր Հաճն քաղաքի մոտ՝ Երևանից մոտ 15 կմ հյուսիս-արևելք։ Ներկայումս այն օգտագործվում է որպես Հայաստանի ռազմական ավիացիոն համալսարանի ուսումնական բազա և ունի ռազմական օդանավակայանի ավելի երկար պատմություն՝ դեռևս խորհրդային ժամանակներից։ Այս օդանավակայանում առկա են ինքնաթիռների համար նախատեսված ապաստարաններ, ինչպես նաև վառելիքի պահեստներ, ինչն առավել նպաստավոր է դարձնում մարտական ավիացիայի տեղակայումը։ Թեպետ այն գտնվում է Իրանի սահմանից ավելի հեռու (մոտ 200 կմ), կարող է ծառայել որպես հիմնական օպերացիոն բազա՝ կործանիչների, ինքնաթիռների լիցքավորման և հետախուզական ավիացիայի համար, մինչդեռ Սյունիքը կարող է հանդես գալ որպես առաջապահ կետ։
Չնայած Դոնալդ Թրամփի հայտարարությունը մեծ արձագանք է առաջացրել, այնուամենայնիվ, ռազմական և իրավական իրողությունները Հայաստանի համար կարող են ավելի վտանգավոր լինել, քան ներկայացվում է։ Նույնիսկ այն պնդման պարագայում, թե ամերիկյան օդանավերը կօգտագործեն հայկական օդանավակայանները միայն Իրանի կողմից ապագա համաձայնագրի խախտման դեպքում, դրանց ներկայությունն ինքնին կարող է լուրջ անդառնալի հետևանքներ ունենալ։ Միջազգային իրավունքի համաձայն՝ այն ռազմական օբյեկտները, որտեղ տեղակայված են Իրանի դեմ պատերազմող երկրի մարտական ուժեր, կարող են որակավորվել որպես օրինական ռազմական օբյեկտներ։
Իրանը բազմիցս հայտարարել է իր ինքնապաշտպանության իրավունքի մասին՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին, և ընդգծել է, որ կհարվածի այն «ռազմական բազաներին և օբյեկտներին, որոնք օգտագործվում են ագրեսիայի համար»։ Իրանի պաշտոնյաները նաև ուղիղ զգուշացրել են, որ հակամարտության դեպքում «ոչ մի երկիր, որը հյուրընկալում է ամերիկյան բազաներ, չի մնա անմասն»։
Սա նշանակում է, որ նույնիսկ եթե Սյունիքի և Արզնիի օդանավակայաններում տեղակայված ամերիկյան ինքնաթիռները դեռևս չմասնակցեն ռազմական գործողություններին, դրանց ներկայությունը կարող է բավարար լինել, որպեսզի Իրանը դրանք դիտարկի որպես իրեն հարվածներ հասցնելու պոտենցիալ օբյեկտներ և թիրախավորի դրանք։
ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև ընթացող հակամարտությունը, որը սկսվել է փետրվարի 28-ին, արդեն ցույց է տվել, որ Թեհրանը պատրաստ է պատասխան հարվածներ հասցնել իր սահմաններից դուրս։ Ամերիկյան և իսրայելական հարվածներից ժամեր անց Իրանը պատասխանեց դրանց՝ հարվածներ հասցնելով Պարսից ծոցի այն երկրներին, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմական օբյեկտներ։

