Ես այստեղ եմ ոչ թե սգալու համար, այլ պահանջելու եւ պաշտպանելու այն արժեքները, որոնց համար իմ որդին՝ Արման Օհանջանյանը, եւ նրա ընկերները տվեցին իրենց թանկ կյանքը։ Այս մասին ասացի Մասիսի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի հանդիպմանը։
Ես ցանկանում եմ հստակ հայտարարել, որ այս իշխանությունը իմ անձնական եւ իմ երկրի թշնամին է։ Նրանք չխնայեցին մեր զավակներին, չհարգեցին մեր հողը եւ շարունակում են քանդել մեր պետականությունը հենց հիմքից։ Եվ այսօր այդ իշխանությունը իմ որդու եւ բոլոր հերոսների հիշատակի թշնամին է։
Արմանը զենք է վերցրել ոչ այն պատճառով, որ այսօր ներկա իշխանությունները «մաս-մաս վաճառեն հայրենիքը», այլ այն պատճառով, որ իր որդին եւ մեր բոլոր երեխաները կարողանան հպարտ ապրել որպես հայեր այս հայրենիքում։ Նրանք փորձում են վախեցնել մեզ պատերազմով, մեզ առաջարկել կեղծ խաղաղություն։ Բայց որպես մայր ես բոլորից ավելի լավ գիտեմ խաղաղության գինը։ Մենք իսկական խաղաղության կողմնակից ենք՝ հիմնված ուժի, հարգանքի, այլ ոչ թե ծնկաչոք աղաչանքի վրա։ Մենք ցանկանում ենք ապրել արժանապատվությամբ, արժանապատիվ կյանքով, որտեղ հայ ժողովուրդը չի ամաչի իր անցյալից եւ չի վախենա իր ապագայից։
Իր վերջին ուղերձում Արմանը մաղթանք է կատարել։ Նա ասել է. «Ամեն բան լավ կլինի, անպայման լավ կլինի»։ Եվ ես այստեղ եմ հանուն այդ բարիքի։ Մեր որդիները չէին սպասում, որ մենք այսօր թշնամուն կտանք մեր հայրենիքը եւ մեր ապագան, մեր պատիվը։
Ես հուսով եմ, որ այս պայքարը կլինի մինչեւ վերջ, հանուն արդարության, հանուն նրանց պատժի, ովքեր մեր տները սգի մեջ մտցրին, եւ հանուն այն Հայաստանի, որտեղ մայրերը ստիպված չեն լինի արդարություն փնտրել փողոցում։ Մենք իրավունք չունենք նահանջելու։ Մենք պարտավոր ենք կառուցել այն լավ Հայաստանը, որի մասին իմ որդին՝ Արմանը, այդքան հաստատ խոսել է վերջին պահին։
Եվ վերջում ուզում եմ ասել, որ ես չեմ ուզում ապրել թուրքերի հետ։ Եվ ես չեմ կարող ապրել թուրքերի հետ։ Եվ ես չեմ կարող լքել որդուս գերեզմանն ու գնալ որեւէ այլ տեղ։ Հենց դրա համար էլ ես այստեղ եմ, եւ ես ընտրում եմ այն մեծ ուժը, որն օր առաջ կազատի մեզ չարիքի այս իշխանությունից։ Փառք մեր հերոսներին, ուժին եւ տոկունություն մեզ բոլորիս։

