Իմ սկզբունքային մոտեցումն է. առողջապահության ապահովագրությունը կարևորագույն համակարգ է, և այն անպայման պետք է գործի, սակայն բարեփոխումները պետք է արվեն մտածված, խնամքով, չլինեն բուժաշխատողների եկամտի, առողջության և բարեկեցության հաշվին։
Ինչպես գիտեք, մեր կուսակցությունն ընտրությունների է գնում «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, որտեղ ներկայացված են մեր երկրի կյանքին վերաբերող կարևորագույն խնդիրներն ու դրանց լուծման մեր առաջարկները։ Խնդիրներից մեկն էլ առողջապահությունն է, որի շուրջ վերջին ամիսներին խոսակցություններն ակտիվացել են՝ ապահովագրության համընդհանուր համակարգի ներդրմամբ։
Մենք առաջարկում ենք այնպիսի ապահովագրման համակարգ, որը երաշխիքներ կտա մեր քաղաքացիներին ամբողջ կյանքի ընթացքում, ոչ թե կլինի նախընտրական ակցիա՝ ծրագրի ֆինանսավորման անհասկանալի մեխանիզմներով։ Այն պետք է ապահովության զգացում տա թե՛ հիվանդներին, թե՛ բուժաշխատողներին։
Բժիշկների և բուժաշխատողների համար պետք է ապահովել արժանապատիվ, իրենց աշխատանքային ծանրաբեռնվածությանը համարժեք աշխատավարձ։ Այս համակարգը չպետք է բերում անվերջանալի հերթերի ու քաշքշուկի։
Համընդհանուր առողջապահական ապահովագրությունը պիտի ուղեկցվի ենթակառուցվածքային ներդրումներով։ Բուժհիմնարկների վերազինումը, արդիականացումը, շենքային պայմանների բարելավումը հատկապես մարզերում կարևորագույն խնդիր են, որը պետությունը մասնավորի հետ պետք է լուծի։
Պետությունը պարտավոր է քաղաքացուն դեղերի շուկայում պաշտպանել այնպես, ինչպես պաշտպանում է էներգետիկ կամ սննդի անվտանգության ոլորտում։ Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև։ Առողջությունը չպիտի զոհ գնա շուկային կամ մենաշնորհներին։ Սա իշխանությունների քաղաքական և մարդկային պարտավորությունն է։

