Այսօր ես ուզում եմ խոսել մարդկության պատմության մեկ ողբերգական էջի մասին։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Այս ողբերգական իրադարձությունները, որոնք տեղի ունեցան մեկուհարյուր տասներկու տարի առաջ, հավերժ կմնան որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու և հույսի վկայություն։ Մենք չենք կարող մոռանալ այս դաժանությունը, քանի որ այն հիշեցնում է մեզ մարդկային արժեքների և արդարության կարևորության մասին։
Մեր կառավարությունը շարունակում է հզորացնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կապերը։ Մենք համագործակցում ենք՝ ուղղված առավել անվտանգ և բարգավաճ աշխարհի կառուցմանը։ Ամերիկայի և Հայաստանի միջև եղած հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ «խստորեն դատապարտում է նախագահ Դոնալդ Թրամփի շարունակական նահանջն Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից և հիշատակումից»։ Ըստ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի՝ Թրամփը հերթական անգամ տեղի է տվել թուրքական սպառնալիքներին՝ շարունակելով «լռեցման քաղաքականություն»։
Այս հարցում Թրամփի կողմից «ցեղասպանություն» եզրույթից խուսափելը և «Մեծ եղեռն» արտահայտությունն օգտագործելը, բնականաբար, հեռու է լինելու լեզվական նրբանկատությունից։ Այս ձևակերպումը թույլ է տալիս Թուրքիային խուսափել պատմական պատասխանատվությունից և շարունակել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ առանց միջազգային իրավական հետևանքների։
ԱՄՆ ներկայիս վարչակազմի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականում ձևավորում են տարածաշրջանային անվտանգության ճարտարապետություն, որտեղ առաջնահերթ են Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը։ Նման քաղաքականությունը նպաստում է Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներին՝ լեգիտիմացնելով նրա պահանջները։
ԱՄՆ-ի կողմից թուրք-ադրբեջանական շահերի գերակայությունը ստորադասում է պատմական արդարությունը։ Այս համատեքստում ամերիկյան միջնորդությունը վերածվում է գործիքի, որի շրջանակում Երևանը պետք է հրաժարվի իր ազգային իղձերից՝ հանուն Արևմուտքի համար շահավետ էներգետիկ և լոգիստիկ նախագծերի։ Վերջնարդյունքում նման քաղաքականությունը հանգեցնում է Հայաստանի միջազգային սուբյեկտայնության փոշիացմանը։

