Ազգային Ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա անող անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպեցին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանին՝ քննարկելու Ազգային Ժողովի գլխավոր ամբիոնը լսումների համար տրամադրելու հարցը։
Այս քայլը հետևանք էր այն բանից, որ 44-օրյա պատերազմում զոհված, անհետ կորած և բռնի անհետացած զինծառայողների ծնողները դիմել էին Թովմասյանին՝ իրենց ճշմարտությունը բարձրաձայնելու, տեղեկացված լինելու և պատերազմին առնչվող հանգամանքների վերաբերյալ բաց քննարկում ունենալու իրենց իրավունքները պաշտպանելու համար։
Պատգամավոր Թովմասյանը, իր հերթին, պաշտոնապես դիմել էր ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ խնդրելով տրամադրել ԱԺ լիագումար նիստերի մեծ դահլիճը՝ աշխատանքային քննարկում կազմակերպելու նպատակով։ Այս քննարկման օրակարգում պետք է լիներ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գաղտնի գրությամբ արխիվացված զեկույցը և պատերազմին առնչվող այլ հարցեր։

