Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դատապարտում է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամադանիի հայտարարությունը, որը վերաբերում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը։ Այս մասին «X» սոցիալական ցանցում հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
Նա նշել է, որ հասարակական գործիչները պետք է պատասխանատու լինեն իրենց արածների համար, զերծ մնան ապատեղեկատվություն տարածելուց և նպաստեն հաշտեցմանը։
«Մենք մերժում ենք Ձեր սադրիչ հայտարարությունը։ Նման հայտարարությունները ցույց են տալիս տարածաշրջանի պատմության և իրականության անհասկանալիությունը և քաղաքական նպատակներով խեղաթյուրում են փաստերը»,- գրել է Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ 2020 թվականին Ադրբեջանը գործել է իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքներում՝ համաձայն միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի։ 2023 թվականին իրականացված հակաահաբեկչական միջոցառումները, ըստ նրա, հանգեցրել են Ադրբեջանի սահմանադրական կարգի վերականգնմանը՝ 30 տարվա անօրինական օկուպացիայից հետո։
Հաջիզադեն նաև ընդգծել է, որ «վտարման» մասին պնդումները անտեսում են այն փաստը, որ հայ բնակիչներին առաջարկվել է վերաինտեգրում, լիակատար հավասարություն և անվտանգության երաշխիքներ։
Նախարարության ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել այն հանգամանքով, որ ընտրված պաշտոնյան, անտեսելով օկուպացիայի ընթացքում հարյուր հազարավոր ադրբեջանցիների դեմ կատարված էթնիկ զտումներն ու կոտորածները, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը, խթանում է միակողմանի պատմություններ։
«Նման անպատասխանատու հայտարարություններն անընդունելի են և պետք է անհապաղ հեռացվեն», – եզրափակել է Հաջիզադեն։

