«Մենք օրենք ենք ընդունել և բռնել ենք եվրաինտեգրման, վերջին հաշվով՝ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհը։ Այսինքն՝ մեր ձգտումն է անդամակցել ԵՄ-ին։ Եվ այդ ճանապարհին, որտեղ այդ ուղու հետ անհամատեղելի հանգամանքներ կամ պարտավորվածություններ կլինեն, դրանք պետք է վերանայվեն ըստ անհրաժեշտության»,- ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրացման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե «Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցելու հարցում իր դիրքորոշումը»։
Պատգամավորը նշեց, որ հիմա այս հարաբերությունները հստակեցնելու պահը դեռ չէ, սակայն այդ ժամանակը մոտենում է։ «Քանի դեռ ԵԱՏՄ-ին անդամակցելը չի հակասում եվրաինտեգրման ճանապարհին, իսկ դա կարող է չհակասել մինչև ազատ առևտրի գոտուն միանալու պայմանագիր ստորագրելը, մինչև այն կետը, որտեղ Հայաստանը կանգ է առել 2013թ․, մենք կարող ենք շարունակել այդ հարաբերությունները»,- ասաց նա։
Արման Եղոյանը նաև արձագանքեց ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի այն հայտարարությանը, թե «Մոսկվան չի հասկանում, թե ինչու ՀՀ վարչապետ Փաշինյանը չի հավասարակշռել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները»։ «Երևանը հյուրընկալել էր միջազգային միջոցառում։ Ի տարբերություն, օրինակ, Ադրբեջանի, որը հենց երկկողմ ձևաչափով հյուրընկալել էր Ուկրաինայի նախագահին և դրոների համատեղ արտադրություն հիմնեցին։ Դրա վերաբերյալ հայտարարություն չի՞ արել պարոն Պեսկովը։ Ես պատկերացնում եմ, թե ինչեր կասեր պարոն Պեսկովը, եթե այդ գործարանը հիմնվեր Հայաստանում»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ Երևանը չէր կարող միջամտել իր հյուրերի խոսքին։

