Երևան, մայիսի 9-ի լրագրողների հետ զրույցում Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ պաշտպանության նախկին նախարար և Ռուսաստանում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանը հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը գնալով աճում է։
Նրա խոսքով՝ այս իրավիճակը սկսվել է այն պահից, երբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին։ Ռուսաստանը դեսպանին հանձնել է նոտա, որում անընդունելի է համարվում ԵՄ հովանու ներքո անցկացվող միջոցառումների շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հարթակ տրամադրելը՝ Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար։
«Երբ դեսպանին հրավիրում են և նոտա հանձնում, դա արդեն ճգնաժամային իրավիճակ է։ Այստեղ ոչ մի դրական բան չեմ տեսնում։ Խնդիրն այն չէ, որ մենք անցկացրել ենք Եվրոպական քաղաքական համայնքի հավաքը, այլ այն, որ ռուսական կողմը հստակ ձևակերպում է տվել՝ մենք տրամադրել ենք հարթակ, որտեղից խոսել է Զելենսկին և սպառնացել Ռուսաստանին»,– նշեց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ միջպետական հարաբերություններում լարվածությունները բնական են, սակայն նախկինում նման իրավիճակներում կատարվել են քննարկումներ, պարզաբանումներ կամ ընկալումների ճշգրտումներ։ Նա նշեց, որ խնդիրների մասին պետության առաջին դեմքի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մակարդակով խոսելը, որը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, նախադեպ չէր։
Հիշեցնենք, որ Երևանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որի ընթացքում Ուկրաինայի նախագահը հայտարարություն էր արել ռուսական ռազմական տեխնիկայի առկայության մասին։ Ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա, որտեղ հանդիպելով Վլադիմիր Պուտինի հետ ընդգծեց հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը։ ՌԴ նախագահը, իր հերթին, նշել էր Հայաստանի միաժամանակյա անդամակցության անհնարինությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին։

