ՀՀ-ի և ՆԱՏՕ-ի միջև գործակցության ինստիտուցիոնալ հիմքերը դրվել են դեռևս 2005 թվականից, սակայն այս հարաբերություններում որակական փոփոխություն տեղի ունենալու հնարավորություն չկա։ Այս տեսակետը հայտնեց Քաղաքական ու տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով վերջին շրջում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների միջև ակտիվացած հանդիպումներին։
Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընդունեցին Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։ Պողոսյանի կարծիքով՝ այս հանդիպումները չեն նշանակում, որ Հայաստանը մոտենում է ՆԱՏՕ-ի անդամակցության կամ գործակցության խորացման։
«Ես վստահ չեմ, որ կա Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների էական խորացման կամ բարելավման նպատակ։ Բոլորն էլ հասկանում են, որ եթե ԵՄ–ի անդամակցությունը շատ հեռավոր ապագայի խնդիր է, ապա ՆԱՏՕ-ի անդամակցությունը դրանից էլ շատ ավելի հեռավոր է։ Այստեղ խոսքն առնվազն տասնամյակների մասին է»,- նշեց փորձագետը։
Նրա խոսքով՝ գործակցության ինստիտուցիոնալ հիմքերը դրվել են դեռևս 2005 թվականից՝ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերով (IPAP)։ Այժմ նախատեսվում է անցում կատարել գործակցության նոր ձևաչափի (ITPP), որի ստորագրումը ձգձգվում էր Ադրբեջանի և Հայաստանի հանդեպ Թուրքիայի և Ֆրանսիայի ունեցած վերապահումների պատճառով։ Պողոսյանը կարծում է, որ փաստաթուղթը կստորագրվի 2026 թվականին, սակայն դա չի նշանակի որակական թռիչք։
«ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների այցերը նորություն չեն, և նման շփումներ եղել են ինչպես նախկինում, այնպես էլ վերջին տարիներին։ Գործակցությունը շարունակական է, սակայն դրա խորությունը սահմանափակ է։ Հիմքեր չեմ տեսնում պնդելու, որ Հայաստան–ՆԱՏՕ հարաբերություններում հնարավոր է որակական փոփոխություն»,– ասաց նա։
Անդրադառնալով Վաշինգտոնի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հնարավոր տարաձայնություններին՝ փորձագետը նշեց, որ դրանք բացասաբար չեն կարող անդրադառնալ Հայաստանի վրա։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում ծագած խնդիրները չեն կարող բացասաբար ազդել ՀՀ–ի վրա, քանի որ մեր երկիրը դաշինքի համատեքստում փոքր ուղղություն է։
«Բացառում եմ, որ ամերիկացիները (մանավանդ նախագահի վարչակազմի մակարդակով) ասեն՝ քանի որ մենք խնդիրներ ունենք ՆԱՏՕ-ի հետ, իսկ դուք ինչ-որ բաներ եք անում այդ կառույցի հետ, ապա դա կարող է բացասաբար ազդել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա։ Նման ուղերձների հավանականությունն ինձ համար գրեթե զրոյական է»,- նշեց Պողոսյանը։
Անդրադառնալով Եվրամիության նոր առաքելությանը՝ փորձագետը վստահեցրեց, որ այն չի փոխարինի արդեն գործող սահմանային դիտորդական առաքելությանը, այլ կլինի լրացուցիչ գործիք։ Նրա խոսքով՝ Հայաստանը փաստացի կունենա 2 առաքելություն, որոնք զուգահեռ կգործեն առնվազն մինչև 2027 թվականը։ Նոր նախաձեռնությունը ավելի փոքր կազմ ունի և ուղղված է պետական կառույցների կարողությունների զարգացմանը՝ հատկապես հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում։ Այն իրականացվում է Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ, ուստի այն դժվար է դիտարկել որպես արտաքին միջամտություն։

