Եվրամիության «օժանդակությունը»՝ ընտրական գործընթացի կառավարման գործիք

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կողմից Եվրամիությանը «հիբրիդային արագ արձագանքման խումբ» ուղարկելու նախաձեռնությունը, որը ներկայացվում է որպես Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարի միջոց, իրականում փոխում է ընտրական գործընթացի տրամաբանությունը։

Այս մոտեցման հիմքում ընկած է «ապատեղեկատվություն» հասկացության քաղաքականացումը։ Այն վերածվում է իշխանության համար քաղաքականապես անցանկալի նարատիվների սահմանափակման գործիքի։ Իշխանությունը և արտաքին գործընկերը համատեղ որոշում են, թե որ խոսքն է համարվում վտանգավոր, ինչի արդյունքում ընտրությունները դադարում են լինել ազատ գաղափարների մրցակցություն և վերածվում են վերահսկվող տեղեկատվական միջավայրի։

Նման մոդել արդեն կիրառվել է Մոլդովայում, և Բրյուսելում այն ներկայացվում է որպես հաջողված փորձ։ Սակայն այդ «հաջողությունը» չափվում է ոչ թե քաղաքական պլյուրալիզմի խորացմամբ, այլ իշխանության ընտրական վերարտադրության ապահովմամբ։

Այս մոդելում ընտրությունների բովանդակությունը նախապես կառավարվում է։ Իշխանությունը իրեն նույնացնում է «ժողովրդավարության» հետ, իսկ ընդդիմադիր կամ այլընտրանքային քաղաքական խոսքը ավտոմատ կերպով ներկայացվում է որպես արտաքին ազդեցության արդյունք։ Ընտրողը դադարում է դիտարկվել որպես ինքնուրույն քաղաքական սուբյեկտ և ընկալվում է որպես ռիսկ, որից պետք է պաշտպանել հենց իրեն։

Արևմուտքի ներսում այս մոտեցումը քննադատության է արժանացել։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն անցյալ տարի Մյունխենի անվտանգության համաժողովում արձանագրել է, որ ժողովրդավարության անվան տակ մեդիայի վերահսկումը և ընտրական գործընթացի տեխնոկրատական կառավարումը հանգեցնում են ոչ թե ժողովրդավարության պաշտպանությանը, այլ դրա քայքայմանը։

Հայաստանի դեպքում խնդիրը ոչ թե արտաքին միջամտության սպառնալիքն է, այլ ներքին քաղաքական լեգիտիմության ճգնաժամը։ Այդ ճգնաժամը չի լուծվում արտաքին «արագ արձագանքման խմբերով»։ Ընդհակառակը՝ նման միջամտությունները խորացնում են հանրային անվստահությունը և ընտրությունների արդյունքը ներկայացնում որպես արտաքին քաղաքական հովանավորության արդյունք։

Եթե ընտրությունները կառավարելու համար անհրաժեշտ է արտաքին կենտրոնի մշտական ներգրավում, ապա արդյո՞ք դրանք դեռ կարող են համարվել ինքնիշխան պետության ազատ ընտրություններ։

Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ, պատմաբան
«Վահան Թեքեյան» Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ