Հետընտրական իրողությունների վերլուծության և երկրում իրավակարգի վերականգնման հրամայականով առաջնորդվելով՝ «ՕՐԻՆ-2026»-ը դիմում է ընտրություններին մասնակցած բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերին՝ առաջարկելով միասնական գործողությունների ռազմավարություն։
Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ պայքարը պետք է լինի համակարգային, ոչ թե կենտրոնանա բացառապես քվեարկության օրվա տեղամասային խախտումների վրա։ Դրանք, թեև կարևոր են, միայն հետևանք են, իսկ իսկական պատճառը՝ համակարգային անօրինականությունը։
Այդ պատճառով մենք առաջարկում ենք հետևյալ քայլերը․
1. Շեշտադրել համակարգային անօրինականությունը։ Պետք է մշտապես և հետևողականորեն արձանագրել, որ իշխող կուսակցությունը՝ իր իրավական կարգավիճակով և նախընտրական շրջանում թույլ տված զանգվածային ենթադրյալ խախտումների բերումով, հավասար պայմաններում ընտրություններին մասնակցելու լեգիտիմ իրավունք չուներ։ Սա պետք է լինի մեր հիմնական պնդումը։
2. Գործել միասնական և ներառական հարթակում։ Իրական ընտրական արդյունքների համար մղվող պայքարում ժողովրդավարությանը նվիրված բոլոր մասնակիցները պետք է հանդես գան համատեղ։ Մենք պետք է փորձենք աշխատանքային և իրավական գործընթացների մեջ ներգրավել նաև ՔՊԿ-ին՝ նրանց փաստերի առաջ կանգնեցնելու նպատակով։
3. Ձևավորել միասնական միջազգային օրակարգ։ Համատեղ պաշտոնական ուղերձ հղել այն պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, որոնք սեփական աշխարհաքաղաքական շահերը գերադասեցին ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքից, այդ թվում՝ հանդես գալով ժամանակավրեպ և շտապողական շնորհավորանքներով։
4. Չհրաժարվել պատգամավորական մանդատներից։ Ստեղծված բարդ պայմաններում և «ժողովրդավարության» քողի տակ իրականացվող հարձակումների ներքո, անթույլատրելի է հրաժարվել խորհրդարանական լծակներից։ ՀՀ քաղաքացին, ով կանգնած է այդ մանդատների հետևում, համոզված ենք պահանջում է միաժամանակ օգտագործել ներպետական և միջազգային իրավական բոլոր հնարավոր նորմերը՝ Հայաստանում իրական ժողովրդավարության և, առաջին հերթին, օրինականության հաստատմանը հասնելու համար։
Մենք համոզված ենք, որ ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանն ու նրա կուսակցությունը հայտնվել են միաժամանակ երկու գործընթացի մեջ՝ պայքարելով իրենց լեգիտիմության համար և միաժամանակ փորձելով կառուցել միասնական ճակատ։
Այս պայքարը պետք է լինի համատեղ, քանի որ միայն միասնական ջանքերով կարելի է հասնել իրական արդյունքի և պատասխանտվության պահանջել իշխող կուսակցությունից՝ իրական ժողովրդավարության հաստատման համար։

