«Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված Լևոն Բաղդասարյանը հարցին՝ ի՞նչ շանսեր ունեն իրենց կուսակցությունը խորհրդարան անցնելու, պատասխանեց, որ նրանց հիմնական նպատակը ոչ թե խորհրդարանական մանդատներ ձեռք բերելն է, այլ օրենքի ուժով արժանապատիվ Հայաստան և արժանապատիվ քաղաքացի ստեղծելը։
Նա նաև հայտնեց, որ կուսակցության վարչապետի թեկնածու է համարվում Վարդան Ղուկասյանը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ղուկասյանը չունի արգելք՝ Հայաստան վերադառնալու համար, եթե իրենց ուժն անցնի խորհրդարան, Բաղդասարյանը նշեց, որ Ղուկասյանը իրավունքի ուժով իրավունք ունի ոչ միայն ընդգրկվելու պատգամավորական ցուցակում, այլև դառնալու վարչապետ։ Նրա խոսքով՝ Հայաստանում բազմաթիվ նախադեպեր են եղել, ինչպես երկրորդ, այնպես էլ չորրորդ նախագահի դեպքում։
Բաղդասարյանը հստակեցրեց, որ իրենց կուսակցությունը համոզված է, որ արժանապատիվ Հայաստանը հնարավոր է ստեղծել միայն միասնական ուժերի միջոցով։ Նրա խոսքով՝ նրանք վերապահում են համագործակցությունը նախկին և ներկա քաղաքական գործիչների հետ։ «Քանի դեռ վերջիններս չեն գիտակցել իրենց մեղքը, հրապարակային չեն բարձրաձայնել, չեն ապաշխարել և չեն ենթարկվել պատասխանատվության, մենք նրանց հետ համագործակցելու պատրաստակամություն չունենք»։

