Հրաժարվելով ռուսական սահմանապահ ծառայությունից, Հայաստանը պետք է ոչ միայն ֆինանսական, այլև ռազմատեխնիկական խնդիրները լուծի ինքնուրույն։ Այս մասին ասաց Ռուսական սահմանապահ զորքերի վետերան, սահմանային անվտանգության հարցերով փորձագետ Լև Ազատխանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները Հայաստանի սահմանապահ ծառայության հսկողությանը փոխանցելու հնարավորության մասին։
Անցումը պահանջում է համակողմանի պատրաստություն, որը սկսվում է ֆինանսական հաշվարկներից և ավարտվում կադրային պատրաստվածության խնդրի լուծմամբ։ Տագնապային և ազդանշանային համակարգերը, որոնք տեղադրվել են դեռևս խորհրդային ժամանակներում, ժամկետն են սպառում և վերանորոգման կարիք ունեն։ 2000-ականների սկզբին Ռուսաստանը առաջարկել էր դրանք արդիականացնել, սակայն հայկական կողմը հետաձգեց իրագործումը։ Այսօր ՌԴ պետգնումների միջոցով Հայաստան են մատակարարվում սարքավորումներ, ինչը, իմ համոզմամբ, լրացուցիչ առավելություն է տալիս պաշտպանական համակարգին։
Հետևաբար, նախքան սահմանային դիրք իր պաշտպանության տակ ընդունելը, Հայաստանը պետք է մշակի սահմանային հուսալի անվտանգության սեփական բանաձևը՝ արտահայտված գումարով և անձնակազմով։
Սահմանային անվտանգությունը բազմաշերտ համակարգ է, որը ներառում է ոչ միայն սահմանապահներին, այլև տեղական ինքնակառավարման մարմիններին, Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը, նախարարություններին և սահմանամերձ գոտու բնակիչներին։ Սա մի ամբողջ համալիր է, որը պետք է հաշվարկված լինի անվտանգության համակարգում, ներառի վերլուծություններ և իրավիճակային լուծումներ առաջնագծի բազմաթիվ կիլոմետրերի համար։ Սահմանային ռիսկերը տարբեր են՝ սահմանապահների և տեղի բնակիչների առևանգման դեպքերից մինչև ահաբեկչական հարձակումների վտանգ, հատկապես՝ սահմանին մոտ գտնվող ատոմակայանի պարագայում։
Կադրային պատրաստվածության հարցը նույնպես կարևոր է։ Հայաստանյան ռազմական ուսումնական հաստատություններում սահմանապահ ծառայության խորը մասնագիտական դասընթացներ նախատեսված չեն, և հայ սահմանապահները տարիներ շարունակ վերապատրաստվել են ՌԴ–ում։ Ի վերջո, անհրաժեշտ են մասնագետներ, ովքեր գիտեն, թե ինչպես վարվել հայկական հողի վերջին մետրում որևէ արտակարգ, ոչ ստանդարտ իրավիճակի դեպքում։
Չնայած խաղաղության հնարավորության մասին լավատեսական հայտարարություններին, սահմանային անվտանգության հարցը մնում է առաջնային և պահանջում է մշտական ուղղվածություն։

