Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը։ Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ առաջ կործանվեց Հռոմեական կայսրության արևմտյան հատվածը։ Այն կործանվեց ոչ թե բարբարոս կոչված ժողովուրդների ռազմական հարվածներից, այլ առաջին հերթին ներքին քայքայումից։ Որովհետև մինչ այդ Հռոմը կարողանում էր իր վերահսկողության ներքո պահել նույն այդ ժողովուրդներին։ Այսօր մենք ականատես ենք լինում նույնի կրկնությանն արևմտյան կամ քրիստոնեական քաղաքակրթության առումով։ Դա սկսվել էր մեկ-երկու տասնամյակ առաջ՝ երբ սկիզբ առավ աշխարհաքաղաքական շահերին քաղաքակրթական արժեքների ստորադասման գործընթացը։ Ինչն իր բարձունքին հասավ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։
Այս գաղափարի նորագույն վկայությունը Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերի շնորհավորական ուղերձն է Հայաստանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Ուղերձում ասվում է, որ «ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին հայ ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և ինստիտուտներին»։ Բարտ դե Վևերը ցանկացել է «գովեստի խոսքեր հղել Հայաստանի քաղաքացիներին ժողովրդավարական գործընթացներին իրենց լայն մասնակցության և իրենց երկրի ապագայի նկատմամբ հավատի համար»։
Կարդալով այս տողերը՝ աչքեր և ականջներ ունեցող որևէ ադեկվատ օտարական, ով ծանոթ էր նախընտրական ժամանակաշրջանում և քվեարկության և դրա հաջորդ օրերին տեղի ունեցածին, խիստ կզարմանար բռնապետին հղված գովեստի խոսքերի կապակցությամբ։ Խոսքը գնում է ոչ միայն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ մեռելային դեմքերով կեսգիշերային հայտարարության, այլև գրչի մեկ հարվածով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հանցագործ եղանակով մանդատներից զրկելու մասին։
Որպես ազնիվ և օրինավոր անձնավորություն՝ պարոն Բարտ դե Վևերը պետք է, նախ, սպասեր վերջնական արդյունքների ամփոփմանը։ Իսկ եթե խիստ շտապում էր՝ երևի ինչ-որ անձի հետ հանդիպումից ուշանալով, կարող էր ընդամենը շնորհավորել ՀՀ գործող վարչապետին։ Եվ ավելացներ, որ ակնկալում է արդյունավետ համագործակցության շարունակություն։ Դա կլիներ քաղաքավարության շրջանակում՝ հատկապես որ Բելգիան աչքի չի ընկել Հայաստանի հետ քաղաքական փոխհարաբերությունում։ Եվ ոչ էլ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է ինչ-ինչ հարցերով դիմել բելգիական կառավարությանը։
Նույնը կարելի է ասել նաև Բելգիայի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության առումով։ Բելգիան հանդիսանում է Հայաստանի՝ Եվրամիության երկրների շարքում ընդամենը 5-րդ առևտրային գործընկերը։ Անցնենք ցուցանիշներին։ 2025-ին 21.4 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ ՀՀ տարեկան արտաքին առևտրաշրջանառության 15-18%-ը (մոտ 3.5-3.8 միլիարդ դոլար) կազմել է Եվրամիության երկրների մասնաբաժինը։ Դրա շրջանակում Բելգիայի մասնաբաժինը կազմել է շուրջ 160-200 միլիոն ԱՄՆ դոլար կամ 4.57-5.26%։ Իսկ ընդհանուր առևտրաշրջանառության մեջ Բելգիայի բաժինը կազմել է 0.84%, ինչը խոսում է չափազանց աննշան ծավալի մասին։ Որքան տեղյակ եմ, արևմտյան սուպերմարկետներում օրական կտրվածքով թույլատրելի կորստի չափը կազմում է շրջանառության 2%-ը կամ Բելգիայի մասնաբաժնից շուրջ 2.4 անգամ ավելի։
Ահա, նման գործընկեր պետության ղեկավարը կարող էր ավելի ադեկվատ ուղերձ հղել մի անձի, ով ողջ նախընտրական քարոզչությունը վերածեց օրենք խախտելու գործընթացի։ «Ընտրական ամբողջ գործընթացը նշանավորվեց իշխանությունների կողմից իրականացված համակարգային և զանգվածային խախտումներով, որոնք լրջորեն կասկածի տակ են դնում հրապարակված արդյունքների արժանահավատությունն ու ընտրողների ազատ կամարտահայտության իրական արտացոլումը»,- ասված է, օրինակ, ընտրություններին մասնակից ՀԱԿ-ի հայտարարությունում։ Ով, թքած ունենալով օրենքի և ժողովրդավարության վրա, ընտրությունների վերջնական ամփոփումից 3 օր առաջ իրեն ենթակա կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցով ապօրինաբար մանդատներից զրկեց ընդդիմադիր կուսակցություններից «Բարգավաճ Հայաստան»-ին, որպեսզի ունենա խորհրդարանի պատգամավորական կազմի 3/5-րդը։ Ինչը կատարվեց երկու ընտրատեղամասում, առանց որևէ հիմքի, քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու միջոցով։ ԿԸՀ նախագահ Հովակիմյանին էլ հռչակելով ավելի նշանակալի թվանկարիչ, քան դրա նախորդն էր՝ Տիգրան Մուկուչյանը։

